Լյուդվիգ Վան Բեթհովեն` գերմանացի հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, ծնվել է 1770թ. դեկտեմբերի 17-ին գերմանական Բոն քաղաքում:
Բեթհովենի երաժշտական տաղանդն ի հայտ է եկել դեռ վաղ հասակից։ Ամենուրեք նա աչքի է ընկել իր երաժշտական ունակություններով։ Բեթհովենի առաջին ուսուցիչներն են եղել նրա հայրը` Յոհան վան Բեթհովենը, և կոմպոզիտոր, խմբավար Քրիստիան Գոթլոբ Նեֆը:
21 տարեկանում կոմպոզիտորը տեղափոխվել է Վիեննա և ապրել այնտեղ մինչև իր կյանքի վերջ։ Վիեննայում նա կոմպոզիցիայի դասերի է հաճախել ավստրիացի երգահան Յոզեֆ Հայդնի մոտ և որոշ ժամանակ անց հասել վիրտուոզ դաշնակահարի ճանաչման։
Դեռևս 20 տարեկանում սկսել է վատանալ կոմպոզիտորի լսողությունը, իսկ կյանքի վերջին տասնամյակում նա գրեթե ամբողջովին խլացել է։ Իր լավագույն ստեղծագործությունների մեծ մասը Բեթհովենը ստեղծել է կյանքի վերջին 15 տարիներին։
Հայտնի կոմպոզիտորը մահացել է Վիեննայում, որտեղ էլ գտնվում է նրա շիրիմը, իսկ տուն-թանգարանը՝ Բոննում:
Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի և ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարևորագույն գործիչներից է: Նրա լավագույն ստեղծագործությունների շարքն ընդգրկում է 9 սիմֆոնիա, 5 դաշնամուրային կոնցերտ, 1 ջութակի կոնցերտ, 32 դաշնամուրային սոնատ, 16 լարային կվարտետ, մեկ օպերա, այն է՝ «Ֆիդելիո»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







