Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ տարիներ շարունակ եղել է խնդիր հերթերի հետ կապված և քաղաքացիների արդարացի դժգոհությունը և Էլեկտրոնային հերթագրման համակարգը ևս մեկ քայլ է մեր քաղաքացիներին էլ ավելի հասանելի և մատչելի դարձնելու պոլիկլինիկաների մատուցած ծառայությունները։
Հերթագրման համակարգն արդեն իսկ ներդրվել և գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից, աշխատավայրից կամ հարմար այլ վայրից ընդամենը հեռախոսազանգի միջոցով, չկորցնելով ավելորդ ժամանակ ու նյարդեր, հերթագրվել տարածքային թերապևտի մոտ՝ հարմար օրը և հարմար ժամին:
Հերթագրումները կատարվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:
Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ: Դրանք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրվել հնարավոր է նաև այցելելով պոլիկլինիկա:
Համակարգում ներբեռնված են քաղաքացիների հիմնական տվյալները: Այցի օրը նշանակված ժամից մի քանի րոպե շուտ պետք է մոտենալ մատենավարման բաժին, որտեղ կտրամադրվի այցելության թերթիկն ու անկետան:
Գրանցումները կատարվում են այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացու տրամադրվի 15-20 րոպե ժամանակ: Բժշկի մոտ մտնելու ժամային որոշ շեղումներ, այնուամենայնիվ հնարավոր են, բայց ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ:
Հերթագրման համակարգի ներդրումը կարևոր է ոչ միայն քաղաքացիների արագ սպասարկման, այլև բժիշկների և բուժհաստատության աշխատանքն առավել կանոնակարգված դարձնելու համար:
Այժմ աշխատանքներ են տարվում նաև մյուս պոլիկլինիկաներում: Մինչև տարեվերջ ծրագիրը հասանելի կլինի քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում:
«Ծրագիրը դեռ աշխատում է միայն տեղամասային թերապևտի կամ մանկաբույժի մոտ հերթագրվելու համար: Երկրորդ փուլով՝ նեղ մասնագետների մոտ գրանցումը ևս կիրականացվի հերթագրմամբ»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Պոլիկլինիկաներում հերթագրումն այսուհետ պարտադիր պայման է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







