Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է պարզաբանում, համաձայն որի՝ անդրադառնալով «Լարված իրավիճակ Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ հատուկ բաժանմունքում. 50-ից ավելի հիվանդներ հայտարարել են հացադուլ, որոնց մեջ է դերասանուհի Շուշան Թովմասյանի եղբայրը» վերտառությամբ նյութին, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը հաստատել է, որ պացիենտները հարց են բարձրացրել և պահանջում են իրենց հարազատների կողմից բերված սնունդը թույլատրել ընդունել:
Տնօրենը պարզաբանել է, որ սահմանափակումը պայմանավորված է եղել հիվանդների անվտանգության հետ` սննդային թունավորումներից զերծ պահելու նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով վերջին 1 ամսվա ընթացքում արձանագրված աղիքային վարակի փաստը:
Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ ներկա պահին թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, թե՛ ոստիկանությունից ներկայացուցիչներ կան կենտրոնում, և որ հարցը կարգավորվել է: Ինչպես հաղորդում է աղբյուրը, բաժանմունքի բոլոր պացիենտները սնունդ ընդունել են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







