Armenia today-ը հարցազրույցների շարք է սկսել ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ՝ նպատակ ունենալով ներկայացնել Արցախի ներքաղաքական իրավիճակը և թեկնածուների ապագայի տեսլականը։ Ներկայացնում ենք Armenia today-ի հարցազրույցը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի հետ:
-Պարոն Ղուլյան, ինչպե՞ս եք վերաբերում մարտի 31-ին Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների համաժամանակյա անցկացմանը։
-Արցախի Հանրապետությունում համաժամանակյա ընտրություններ առաջին անգամ են կայանալու, իսկ դա նշանակում է քաղաքական նոր փորձություն գործող իշխանությունների համար: Հետևաբար պետք է հաշվի առնվեն բոլոր ռիսկերը՝ ընտրություններն ազատ, արդար և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու համար։
Նախագահի թեկնածուների թվի և համաժամանակյա ընտրությունների միջև որոշակի կապ տեսնում եմ՝ հաշվի առնելով նաև ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրվող Ազգային ժողովի իրողությունը։ Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ այս կերպ փորձում է ցույց տալ իր ներուժն ու ինքնաբավությունը։ Ոչ պակաս կարևոր հանգամանք եմ համարում նաև երկրի ժողովրդավարական առաջընթացի այսօրվա մակարդակը և գործող իշխանությունների կողմից որևէ քաղաքական ուժի չսատարելու հանգամանքը, որոնք լրացուցիչ նախադրյալներ են մրցակցային ընտրություններ կազմակերպելու համար։
-Դուք արձագանքել եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ ներկայացնելով Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Ձեր կարծիքը: Արդյոք դուք տեղյա՞կ էիք բանակցությունների սեղանին դրված փաստաթղթին և արդյոք այն համապատասխանում էր Ձեր նշած կետերին:
-Որպես Ազգային ժողովի նախագահ և քաղաքական ուղի անցած անձ՝ դժվարանում եմ հիշել որևէ հարցազրույց կամ շփում լրագրողների հետ՝ առանց անդրադառնալու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Արձագանքելով ՀՀ վարչապետի կոչին, արդեն որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, ներկայացրել եմ իմ դիրքորոշումըհարցի լուծման վերաբերյալ։ Ի դեպ, որևէ նոր բան չեմ ասել, որը կարող էր տարբերվել իմ նախորդ հայտարարություններից։ Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանին դրված առաջարկությունների փաթեթներին, ապա ինչպես նախկինում, այսօր էլ նույն կերպ եմ մտածում. առանց Արցախի Հանրապետության մասնակցության ոչ մի փաստաթուղթ չի կարող ընդունվել։
-Արցախի ընտրողը մեծաթիվ թեկնածուների և կուսակցությունների առկայության դեպքում կարող է արդյոք գաղափարական ընտրություն կատարել։ Ի՞նչ արդյունք եք ակնկալում:
Հուսով եմ՝ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո մեր քաղաքացիները որոշակի հետևություններ արել են և համոզվել, որ իրենց այսօրվա ներկան հինգ տարի առաջվա ընտրության արդյունքն է։ Կապ չունի քանի թեկնածու կամ կուսակցություն կմասնակցի ընտրություններին, դրանք իրական փոփոխություն չեն բերի մինչև մենք՝ որպես անհատ, գիտակից ընտրություն չանենք՝ անձնական խնդիրների այսրոպեական լուծումը ստորադասելով արդյունավետ կառավարմանը, օրենքի առջև բոլորի հավասարությանը և սոցիալական արդարությանը։
Այս ընտրությունները ոչ այնքան ծրագրերի ընտրություն են, որքան՝ տեսակի և բոլոր հիմքերը կան լիահույս լինելու, որ արցախցին ընտրություն է կատարելու է իր ինքնությունն ու ինքնուրույնությունը գիտակցող, արժանապատվությունը բարձր դասող փորձառու քաղաքական ղեկավարի օգտին:
-Դուք 2005 թ. ԱՀ ԱԺ նախագահն եք, ո՞ւմ եք տեսնում ԱՀ ԱԺ 7-րդ գումարման նախագահի պաշտոնում:
Ես պատասխանատու եմ խորհրդարանի՝ 2005 թվականից մինչև այսօր ժամանակահատվածի գործունեության համար։ Այս տասնհինգ տարիները վստահորեն կհամարեի խորհրդարանի կայացման տարիներ և հպարտ եմ դրանում իմ մասնաբաժինն ունենալու համար։
Երկրի կենսագործունեությունն ապահովող օրենսդրություն, օրըստօրե ընդլայնվող խորհրդարանական արտաքին կապեր և ժողովրդավարական ուղով առաջ գնացող երկրի կերպար․ ահա այսպիսի ժառանգություն եմ թողնելու օրենսդիր մարմնի հաջորդ նախագահին՝ ինձ արդեն տեսնելով գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակում:
Նշենք, որ Արցախի նախագահի հավանական թեկնածուների հետ հարցազրույցների շարքի շրջանակներում Armenia Today-ը արդեն զրուցել է Մասիս Մայիլյանի և Քրիստին Բալայանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







