Հայ թավջութակահար Լյանա Ուլիխանյանը Իսպանիայում կայացած Պաբլո Կազալսի անվան երիտասարդ թավջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի՝ ստանալով 18 հազար եվրո դրամական պարգև, հայտնում է The Strad երաժշտական պարբերականը։
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Իսպանիայի Էլ Վենդրեղ քաղաքում։ Այս տարի մրցույթին մասնակցելու 85 հայտից եզրափակիչ փուլ էր անցել վեց երաժիշտ։
Երկրորդ մրցանակը՝ 12 հազար եվրո, ստացել է ԱՄՆ ներկայացուցիչ Մայլս Լևինը, իսկ երրորդը՝ 6 հազար եվրո, Չինաստանի ներկայացուցիչ Զիյան Չժաո։
2010 թվականին ծնված Ուլիխանյանը սովորում է Շվեյցարիայի Լանգենթալի լարային գործիքների միջազգային ակադեմիայում՝ Դենիս Սևերինի դասարանում։ Նախկինում նա սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում՝ Արմինե Ավետիսյանի ղեկավարությամբ։
Ուլիխանյանը նախկինում առաջին մրցանակներ է ստացել Դավիդովի անվան թավջութակահարների միջազգային մրցույթում, Բրատիսլավայի միջազգային մրցույթում և Ժնևի պատանի երաժիշտների մրցույթում։
Նա որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Ռիգայի Sinfonietta Riga և այլ նվագախմբերի հետ։
Պաբլո Կազալսի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է Պաու Կազալսի հիմնադրամը՝ 1984 թվականից։ Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ թավջութակահարների մասնագիտական զարգացմանը։
2026 թվականի մրցույթը նվիրված էր իսպանացի թավջութակահար և դիրիժոր Պաբլո Կազալսի ծննդյան 150-ամյակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







