ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը արցախցիների անձնագրերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու որոշումը հիմնավորել է միջազգային չափորոշիչներով և սահմանահատումների ժամանակ հնարավոր խնդիրներից խուսափելու անհրաժեշտությամբ։ Մինչդեռ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Doc 9303 չափորոշիչը չի պարտադրում նշել ծննդավայրը և թույլ է տալիս պետության փոխարեն նշել բնակավայրի անվանումը։
Որոշման նախապատմությունը
Ադրբեջանը որպես ծննդավայր նշելու հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ Հայաստանը 2026 թվականի նոյեմբերի 1-ից անցել է նոր կենսաչափական անձնագրերի։ «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքը, որն ընդունվել է մայիսի 11-ին և ուժի մեջ է մտել հոկտեմբերի 30-ին, նախատեսում է ծննդավայրի դաշտում նշել պետությունը։
Նախկին օրենսդրությունը թույլ էր տալիս նշել պետությունը կամ, քաղաքացու ցանկությամբ, բնակավայրը։ Դրա շնորհիվ արցախցիների անձնագրերում կարող էին նշված լինել Ստեփանակերտը, Մարտունին, Ասկերանը և այլ բնակավայրեր։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2025 թվականի ապրիլին նույնպես պարզաբանել էր, որ հնարավոր է նշել բնակավայրը՝ ծննդյան վկայականին համապատասխան։
Ինչ են նախատեսում միջազգային չափորոշիչները
ICAO Doc 9303 փաստաթղթի 3.7 կետի համաձայն՝ անձնագրում ծննդավայրը նշելը պարտադիր չէ։ Եթե պետությունը որոշում է ներառել այդ տեղեկությունը, կարող է նշել քաղաքի, բնակավայրի, արվարձանի և/կամ պետության անվանումը։
Փաստաթուղթը հնարավորություն է տալիս հաշվի առնել նաև պետության կամ տարածքի հետ կապված քաղաքական զգայունությունը և այլ երկրների վիզա տրամադրող մարմինների կողմից դրա ճանաչման հարցը։
Այսպիսով, ICAO-ի չափորոշիչն ինքնին Հայաստանին չի պարտավորեցնում նշել հենց պետությունը։ Սակայն հայաստանյան գործող օրենսդրությունը նախատեսում է հենց այդ կարգը։
Ինչպես է որոշումը բացատրել ՆԳ նախարարը
Սարգսյանը հայտարարել է, որ իշխանությունները բնակավայրի փոխարեն պետությունը նշելու որոշումը կայացրել են ICAO-ի փորձագետների հետ խորհրդակցելուց և միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո։
Նախարարը հղում է արել նաև Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ դրանցում օգտագործվող աշխարհագրական անվանումները միշտ չէ, որ համընկնում են այն անվանումների հետ, որոնք արցախցիները կցանկանային տեսնել իրենց անձնագրերում։
Սարգսյանն ընդգծել է, որ անձնագրերը լրացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել տարածքների քաղաքական զգայունությունը և միջազգային ճանաչումը։
Սակայն լրագրողների հարցին, թե ինչպես է այդ զգայունությունը հաշվի առնվել արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» նշելու որոշումը կայացնելիս, նախարարը հստակ պարզաբանում չի տվել։
Փոխարենը նա բերել է Ուրուգվայի օրինակը։ Սարգսյանի խոսքով՝ 2025 թվականին այդ երկրի քաղաքացիները Գերմանիա և Ֆրանսիա մուտք գործելիս խնդիրների են բախվել, քանի որ նրանց անձնագրերում ծննդավայրի մասին տեղեկություններ չեն եղել։
Նախարարն ընդգծել է, որ անձնագիրն օգտագործվում է պետական սահմանը հատելիս, ուստի իշխանությունները պետք է հաշվի առնեն այլ պետությունների պահանջներն ու փորձը, որպեսզի քաղաքացիների համար լրացուցիչ դժվարություններ չստեղծեն։
Ինչպես են արձագանքել արցախցիները
«Արցախ միությունը» նոյեմբերի 20-ին հանդես էր եկել նոր կարգի դեմ՝ «Ադրբեջան» նշելը որակելով հայաստանյան իշխանությունների քաղաքական որոշում, այլ ոչ թե միջազգային չափորոշիչների պահանջ։
Կազմակերպությունը պահանջել էր փոփոխել օրենսդրությունը և վերականգնել անձնագրում պետության փոխարեն բնակավայրը նշելու հնարավորությունը։ Մինչև փոփոխությունների ընդունումը միությունն առաջարկել է կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ անձնագրերի տրամադրումն այն քաղաքացիներին, ովքեր դեմ են դրան։
Միությունը նաև կոչ էր արել ՆԳՆ-ին հրապարակել ICAO-ի կամ ISO-ի այն կոնկրետ դրույթները, որոնք արգելում են նշել միայն բնակավայրը, և տրամադրել տվյալներ այն դեպքերի մասին, երբ նման անձնագրեր ունեցողները սահմանին խնդիրների են բախվել։
Արցախի նախկին պետնախարար, «Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ դիմում է ներկայացրել՝ խնդրելով իր նոր կենսաչափական անձնագրում որպես ծննդավայր չնշել Ադրբեջանը։ Մերժման դեպքում նա մտադիր է որոշումը բողոքարկել դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







