Արցախի քաղաքական գործիչները Երևանում Արցախի ներկայացուցչության համար նոր շենք են փնտրում՝ ներկայիս շենքը կորցնելու հեռանկարի ֆոնին, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ նրանք արդեն դիմել են մի քանի գործարարի՝ տարածքի հարցը լուծելու համար։
Նոր տարածքում նախատեսում են Արցախի Ազգային ժողովի նիստեր և հավաքներ անցկացնել, ինչպես նաև արցախցիների ընդունելություն կազմակերպել։
Պարբերականի տեղեկություններով՝ նոյեմբերի 26-ին դատարանը որոշում կկայացնի Արցախի ներկայացուցչության ներկայիս շենքի վերաբերյալ։ Դատախազությունը պահանջում է շենքը վերադարձնել ՀՀ կառավարությանը։
Թերթը հիշեցրել է, որ Արցախից բռնի տեղահանությունից հետո ներկայացուցչության շենքում քննարկվել են արցախցիների քաղաքական և սոցիալական խնդիրները։ Այնտեղ բնակվել է նաև արցախցի մի ընտանիք։
ՀՀ գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի Նաիրի Զարյան փողոցում գտնվող Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ ԼՂ կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Օգոստոսի 12-ին փաստաբան Ռոման Երիցյանն Արցախի իշխանությունների անունից դատական հայց էր ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով շենքը նվիրաբերել Արցախի Հանրապետությանը։ Հայցում նշվում էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ շենքն Արցախին էր փոխանցվել 1997 թվականին։
ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի մայիսին բավարարել էր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Օգոստոսի 15-ին Երիցյանը հայտնել էր, որ դատախազությունը դիմել է Վերաքննիչ վարչական դատարան՝ գործի քննությունն արագացնելու խնդրանքով։
Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը Զարյան փողոցի շենքում գործում է 2008 թվականից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայերի բռնի տեղահանումից հետո շենքում գործունեություն են ծավալել Արցախի պետական մարմինները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







