Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ Նեապոլում կայացած հանդիպմանը քննարկել է ՀՀ-ում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման մասին հարցեր, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և դրական գնահատել իտալական շուկա հայկական ծագման ապրանքների արտահանման աճը։
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 20-ին՝ Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակում։
Կոստանյանն ու Չիրիելլին կարևորել են նաև սեպտեմբերին Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակի բացումը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իտալական քաղաքական երկխոսությանը, երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցությանը։
2026 թվականի հուլիսի 2-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր Հարավային Կովկասում ենթակառուցվածքային ծրագրերի համար մինչև 2 մլրդ եվրո մոբիլիզացնելու հնարավորության մասին։ Նա նաև հայտնել էր Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման համար լրացուցիչ 18 մլն եվրո տրամադրելու մասին։
2024 թվականի փետրվարի 8-ին Armenia Today-ը հայտնել էր Միլանում հայ-իտալական համագործակցության և զարգացման կենտրոնի ստեղծման մասին, որի նպատակներից էր հայ-իտալական առևտրային պալատի ձևավորումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







