Հայաստանը ներկայացնող դպրոցական Գուրգեն Բայբուրդյանը հաղթել է Մոսկվայում անցկացված Արհեստական բանականության (ԱԲ) 6-րդ համառուսաստանյան օլիմպիադայի օտարերկրյա մասնակիցների մրցույթում, հայտնում է Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանը (ՄԻՖԻ)։
Բայբուրդյանը լավագույն արդյունքն է գրանցել օտարերկրյա մասնակիցների շրջանում։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսի ներկայացուցիչ Մաքսիմ Շալմանովը, երրորդը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Նուրլան Տուրուսպաևը։
Օլիմպիադայի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին՝ Մոսկվայի Վալենտինա Տերեշկովայի անվան ազգային տիեզերական կենտրոնում։
Կազմակերպիչների տվյալներով՝ 2026 թվականին օլիմպիադային մասնակցելու համար ներկայացվել է 69 հազար հայտ՝ 63 երկրից։ Նախորդ տարվա համեմատ մասնակից երկրների թիվը 26-ից հասել է 63-ի։
Եզրափակիչ փուլ է անցել 61 դպրոցական Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից և Կիպրոսից։ Մրցութային առաջադրանքներն անցկացվել են ՄԻՖԻ համալսարանում՝ երկու անհատական փուլով, որոնցից յուրաքանչյուրը տևել է վեց ժամ։
Ռուսաստանի մասնակիցների ընդհանուր մրցույթի բացարձակ հաղթող է դարձել Պենզայի մարզի 11-րդ դասարանի աշակերտ Կիրիլ Իվախինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







