«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում Եվրամիության ներկայացուցչության դիմաց ակցիա են անցկացրել՝ պահանջելով արդարություն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած Արսեն Գևորգյանի համար։ Ակցիայի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ակցիայի ընթացքում կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին և նրան նամակ հանձնել։
Ակցիայի մասնակիցները ներկայացուցչության դիմաց հավաքվել են «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով։ Նրանք պարզել են Գևորգյանի լուսանկարներով, «Եվրոպա՛, մի՛ լռիր», «Լռությունը հանցանք է», «Վե՛րջ քաղաքական հետապնդումներին» գրություններով պաստառներ։
Մասնակիցները նաև պաստառներ են պահել, որոնց վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին պատկերված էին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ «Նրանք անկախ չեն» գրությամբ։ Առանձին պաստառի վրա պատկերված էր նաև Գևորգյանի կալանքի որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանը։
Կուսակցության ներկայացուցիչները ԵՄ-ից պահանջել են հրապարակային գնահատական տալ Հայաստանում քաղաքական հետապնդումների վերաբերյալ իրենց պնդումներին, ինչպես նաև ուշադրություն դարձնել քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին և բժշկական օգնության հասանելիությանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ ԵՄ կառույցները չպետք է լռեն Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։
«Պարո՛ն Մարագոս, ձեր լռությունը այլևս չի կարող ընկալվել որպես չեզոքություն»,- ասել է նա՝ ԵՄ ներկայացուցչությունից պահանջելով իրավիճակին հստակ գնահատական տալ։
Ղահրամանյանը Գևորգյանի մահը համարել է քաղաքական հետապնդումների և քրեակատարողական համակարգում առկա խնդիրների հետևանք։ Նա, հղում անելով Գևորգյանի փաստաբանների հայտարարությանը, պնդել է, որ ինքնազգացողության վատացումից հետո պատշաճ բուժօգնություն չի տրամադրվել։
Խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը նույնպես ԵՄ-ին կոչ է արել արձագանքել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Եվրամիության ներկայացուցչությունից մենք պահանջում ենք բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ որ տեղի է ունենում Հայաստանում»,- հայտարարել է Հովսեփյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզել, թե Գևորգյանի ինքնազգացողության վատացումից որքան ժամանակ անց է ժամանել շտապօգնությունը և արդյոք նրան պատշաճ բուժօգնություն է ցուցաբերվել։
Պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանն Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել է, որ կալանքը չպետք է կիրառվի որպես պատիժ։
«Մենք անդադար բարձրաձայնում ենք այն, որ կալանքը դա պատիժ չի, խափանման միջոց է»,- ասել է նա։
Հարությունյանը նաև անհրաժեշտ է համարել պատասխանատու պաշտոնյաների հրաժարականները՝ քննադատելով քրեակատարողական հիմնարկներում պահման և բուժօգնության պայմանները։
Մարագոսի հետ հանդիպումից հետո Հարությունյանը հայտնել է, որ կուսակցության ներկայացուցիչները նրան նամակ են հանձնել և մանրամասն ներկայացրել Գևորգյանի մահվան հանգամանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները։
Նրա խոսքով՝ քննարկման ընթացքում անդրադարձել են Գևորգյանի կալանավորմանը, նրան պատշաճ բուժօգնություն չտրամադրելու վերաբերյալ փաստաբանների պնդումներին և Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներին։
«Մենք շատ դրական հանդիպում ունեցանք պարոն Մառագոսի հետ»,- ասել է Հարությունյանը։
Նա հայտնել է, որ Մարագոսը խոստացել է ուսումնասիրել բարձրացված հարցերը, մշտադիտարկում իրականացնել և հնարավորինս արագ հրապարակային արձագանք ներկայացնել։
Ղահրամանյանն էլ հավելել է, որ կուսակցությունը Գևորգյանի մահը դիտարկում է որպես համակարգային խնդիրների հետևանք և սպասում է ԵՄ ներկայացուցչության արձագանքին։
Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն էր։ Նրան հոկտեմբերին կալանավորել էին ենթադրյալ ընտրակաշառք տալու մեղադրանքով։ Գևորգյանը չէր ընդունել մեղադրանքը, իսկ կուսակցությունը քրեական հետապնդումը քաղաքական էր որակել։
Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա մահից հետո ընդդիմադիր 13 քաղաքական ուժ իշխանություններին մեղադրել է քաղաքական հետապնդումների մեջ։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքել էր քաղաքական հետապնդումների մասին պնդումները։ Նա հայտնել է, որ Գևորգյանի մոտ սրտի կանգ է արձանագրվել, և խոստացել է ուսումնասիրել մահվան հանգամանքները։ Գևորգյանի մահվան առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







