Նյու Յորքում ուժեղ անձրևներից առաջացած տեղատարափի հետևանքով երկու մարդ է մահացել, հայտնում է NBC-ն։
Առաջին դեպքը գրանցվել է Բրուքլինի East Flatbush թաղամասում, երբ փրկարարներն արձագանքել են նկուղում ջրի մեջ մնացած մարդու վերաբերյալ ահազանգին։ Մահվան պատճառը դեռ չի հստակեցվել։
Երկրորդ մահվան դեպքը տեղի է ունեցել Մանհեթենի Washington Heights թաղամասում։ Ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա տղամարդը հայտնաբերվել է անգիտակից վիճակում՝ ջրով լցված կաթսայատանը։
Դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հեղեղի նախազգուշացում էր հայտարարել Բրուքլինի, Քուինսի, Բրոնքսի և Մանհեթենի որոշ հատվածներում։ Ուժեղ տեղումները հանգեցրել են նաև ճանապարհների փակման։
Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ամենաշատ տեղումները գրանցվել են Բրուքլինի Sheepshead Bay շրջանում, Մանհեթենի կենտրոնում, Սենթրալ Պարկում և Լա Գուարդիա օդանավակայանում։
Բացի տեղատարափերից, Նյու Յորքում տրվել է քամու նախազգուշացում․ սպասվում են 20-25 մղոն/ժ արագությամբ քամիներ՝ մինչև 40 մղոն/ժ պոռթկումներով, որոնք կարող են կոտրել ծառերի ճյուղեր վնասներ պատճառել շինություններին։






































