Մադագասկարի գործող նախագահ Անդրի Ռաջոելինայի կողմնակիցների և հակառակորդների միջև ազգային երկխոսությունը՝ երկրի սուր ներքաղաքական ճգնաժամը լուծելու վերաբերյալ, կսկսվի հոկտեմբերի 7-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Միդի Մադագասիկարա» թերթին:
Նշվում է, որ ֆորումը տեղի կունենա մայրաքաղաքի Իվատո արվարձանում գտնվող միջազգային կոնֆերանսների կենտրոնում: Քաղաքական կուսակցություններից բացի, դրան կմասնակցեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, պետական պաշտոնյաներ, փաստաբաններ և բժիշկներ:
Մադագասկարի ուսանողական ասոցիացիան նախկինում կոչ էր արել հոկտեմբերի 7-ին անցկացնել համընդհանուր քաղաքական գործադուլ, սակայն նրանց կոչը լայն աջակցություն չէր ստացել։ Գրասենյակները, բիզնեսները և կրթական հաստատությունները մասամբ գործում են։ Մայրաքաղաքում և հարավ-արևմտյան Տոլիարի քաղաքում ցույցերին հիմնականում մասնակցել են երիտասարդներ։ Ըստ Orange պորտալի՝ անվտանգության ուժերը ցրել են դրանք արցունքաբեր գազի միջոցով։
Սեպտեմբերի 25-ից Մադագասկարում տեղի են ունենում երիտասարդական բողոքի ցույցեր։ Սկզբում անկարգությունների կազմակերպիչները, որոնք իրենց անվանում էին «Z սերունդ», պնդում էին, որ բողոքում են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումների աճող հաճախականության դեմ, սակայն նրանց բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների, թալանի և ոստիկանության ու ժանդարմերիայի հետ բախումների։
Հետագայում ցուցարարներն սկսել են քաղաքական պահանջներ ներկայացնել, այդ թվում՝ կառավարության և պետության ղեկավարի հրաժարականը։ Հոկտեմբերի 2-ին ցուցարարները հայտարարել էին Պայքարի համակարգող կոմիտե ստեղծելու մասին։ Նախնական տվյալներով՝ անկարգությունները, որոնք վերածվել են ջարդերի և թալանի, մոտավորապես 50 մլն դոլար տնտեսական վնաս են հասցրել։
Սեպտեմբերի 29-ին երկրի նախագահը հայտարարել էր վարչապետի և կաբինետի հրաժարականի մասին։ Նոր կառավարություն դեռևս չի նշանակվել։






































