Լոնդոնի կենտրոնում շաբաթ օրն անցկացվում է աջակողմյան հայացքներ ունեցողների ցույցը, որը կազմակերպել է հայտնի հակաիսլամիստ և միգրանտների հակառակորդ Թոմի Ռոբինսոնը, հայտնում է Reuters-ը:
Նրանք դեմ են ապօրինի միգրացիային: Լրատվամիջոցների տվյալներով՝ հակակառավարական ակցիային մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ։ Կեսօրին նրանք հավաքվել են Թեմզա գետի հարավային հատվածում, այնուհետև երթ սկսել դեպի Վեստմինստերյան պալատ, որտեղ նիստ է գումարում Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ Ակցիան կրում է Unite the Kingdom («Միավորենք Թագավորությունը») անվանումը։
Մասնակիցները կարգախոս են վանկարկում ընդդեմ վարչապետ Քիր Սթարմերի։ Որոշների գլխին Make America Great Again կարգախոսով գլխարկներ են, որը նախկինում տարածել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Միաժամանակ՝ անցկացվելու է նաև հակառասիստական խմբերի Stand up to Racism («Ելեք ընդդեմ ռասիզմի») անվանումը կրող միջոցառումը։
Լոնդոնում նկատվում է ոստիկանության ուժեղացված ներկայություն․ հասարակական կարգի պահպանման համար ներգրավվել է ավելի քան 1,6 հազար ոստիկան։
Reuters-ը նշում է, որ ապօրինի միգրացիայի խնդիրը դարձել է Բրիտանիայի ներքին քաղաքականության գլխավոր հարցերից մեկը։ Միայն 2025 թվականին երկիր է ժամանել ավելի քան 28 հազար միգրանտ՝ նավակներով հատելով Լա-Մանշի նեղուցը։





































