Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլի Բոնդարը նամակ է հղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «հայոց ցեղասպանություն» եզրույթը։
Վասիլի Բոնդարի նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի տեղակալ Դարյա Վոլոդինան։ «ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ շփվելուց հետո դեռ անցյալ տարի պարզ էր, որ այդ նախարարության որոշ աշխատակիցներ խորապես անտարբեր են ինչպես Ուկրաինայի, այնպես էլ առանձին վերցրած մեր քաղաքացիների ճակատագրի հանդեպ ։ Բայց ոչ պակաս խնդիր է որոշ անձանց բացարձակ անգրագիտությունը, ովքեր աշխատում են այնտեղ»,-գրել է նա։
«Ուկրաինան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը և կիրառում է «1915թ․ ողբերգական իրադարձություններ» արտահայտությունը», — ասված է Բոնդարի նամակում, որում նաև նշվում է որ Հայաստանը գտնվում է «ՌԴ արտաքին քաղաքականության ուղեծրում» և միջազգային կազմակերպություններում քվեարկում է Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող բանաձևերի դեմ։
Հայոց ցեղասպանության հարցը, ըստ նամակի, զգայուն է Ուկրաինայի ռազմավարական գործընկեր Թուրքիայի համար։
Ռադայի պատգամավորը սուր քննադատության է ենթարկել փոխնախարարի նամակը՝ նշելով, որ ԱԳՆ-ն անտարբել է Ուկրաինայի և նրա առանձին քաղաքացիների ճակատագրի հանդեպ: «Սա նաև որոշակի անձանց անգրագիտության հետևանքն է, որոնք այնտեղ աշխատում են», — ասել է նա:
Պատգամավոր Վոլոդինան հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ֆրանսիան, Կանադան, Գերմանիան, Իտալիան ու Նիդերլանդները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







