Դեռևս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության և ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության և Հայաստան վերադառնալու խնդիրներ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաև դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան: Սակայն չվերթների չեղարկման և Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, և պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջև ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ»-իրավիճակն այսպիսին է ներկայացրել Նաղդալյանը:
Աննա Նաղդալյանը տեղեկություններ է ներկայացրել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, բավականին համապարփակ են. «ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ և պարետատունն ամբողջովին տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձևը և ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները և կոնկրետ իրավիճակը»,-հայտնել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







