5,3 և 5,1 մագնիտուդով երկու խոշոր երկրաշարժերից բաղկացած շարքը, որի էպիկենտրոնը Զագրեբից 6-7 կմ հեռավորության վրա է, օջախը՝ մոտավորապես 10 կմ խորության վրա, տեղի է ունեցել կիրակի վաղ առավոտյան տեղական ժամանակով ժամը 6:24-ին։ Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն։
Սա վերջին 140 տարիների ընթացքում այս տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է եղել։ Հիմնականում տուժել է Խորվաթիայի մայրաքաղաքի հին մասը՝ քաղաքի կենտրոնը, որտեղ ընդհանուր առմամբ ավերվել կամ վնասվել են շուրջ 500 բնակելի օբյեկտներ, ինչպես նաև պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր ու հուշարձաններ: Ինչպես հայտնում են քաղաքային իշխանությունները, մեծ կորուստ է Զագրեբի գլխավոր կաթոլիկ տաճարի մասնակի փլուզումը, որի աջ աշտարակի սայրը ավերվել է ուժեղ ցնցումներից հետո:
Առաջին ցնցումներից որոշ ժամանակ անց հաղորդագրություններ են ստացվել 15-ամյա աղջկա մասին, որը գտնվել է փլատակների տակ՝ առանց կենդանության նշաններ ցույց տալու: Մայրաքաղաքի մանկական կլինիկական հիվանդանոցում տուժածին վերակենդանացրել են, սակայն ստացած վնասվածքների պատճառով նա մինչ օրս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երկրաշարժի ժամանակ ծանր վնասվածքներ ստացած 15-ամյա աղջնակից բացի տուժել է ևս 14 մարդ, հաղորդում է տեղի ոստիկանությունը:
Վնասվել են 60-ից ավելի շինություններ և 30 ավտոմեքենա, առկա են էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ և ինտերնետի խափանումներ։ Խորվաթիայի բանակի շուրջ 200 զինծառայողներ շարունակում են Զագրեբի փողոցների մաքրման աշխատանքները երկրաշարժերի հետևանքով առաջացած փլատակներից, ևս շուրջ 300 զինծառայողներ լիակատար պատրաստության մեջ են լրացուցիչ մասնակցության համար: Խորվաթիայի մայրաքաղաքի շատ բնակիչներ լքել են իրենց տները և գնացել են բաց տարածքներ, ոմանք մեկնել են քաղաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







