Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են մարտի 5-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են մարտի 5-ին Մոսկվայում ռուս-թուրքական բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցեր։ Գոհունակությամբ նշվել է Իդլիբի դեէսկալացիայի գոտում լարվածության զգալի նվազման մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, հաստատվել է համատեղ աշխատանքի շարունակման կարևորությունը, նախևառաջ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև՝ մարտական գործողությունների դադարեցման կայուն ռեժիմի ապահովման և իրադրության հետագա կայունացման նպատակով, նաև կողմերը պայմանավորվել են «կանոնավոր երկխոսություն պահպանել տարբեր մակարդակներում, ներառյալ անձնական շփումները»:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մարտի 5-ին կայացած բանակցություններում համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի սահմանումը և մի շարք այլ միջոցներ, որոնք ուղղված են Իդլիբում իրավիճակի կարգավորմանը: Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ մարտական գործողություններն այդ տարածաշրջանում կդադարեցվեն շփման գծի ողջ երկայնքով՝ մարտի 6-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմով: Մարտի 15-ից ՌԴ-ն ու Թուրքիան համատեղ պարեկություն կսկսեն M-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի։ Մոսկվան և Անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը և պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







