Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի շուրջ Ռուսաստանի ռազմական պատվիրակության մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն մարտի 10-ին Անկարայում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
«Մոսկովյան հուշագրի համաձայն (Իդլիբի վերաբերյալ)՝ մարտի 10-ին Անկարայում բանակցություններ կսկսվեն ռուսական ռազմական պատվիրակության մասնակցությամբ», — նշվում է հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում M-4 ավտոմոբիլային մայրուղու համատեղ պարեկության մանրամասները, որի մեկնարկը նախատեսված է մարտի 15-ին:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցություններում համաձայնեցրել են հրադադարի ռեժիմի սահմանումը և մի շարք այլ միջոցներ, որոնք ուղղված են Իդլիբում իրավիճակի կարգավորմանը: Ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ մարտական գործողություններն այդ տարածաշրջանում կդադարեցվեն շփման գծի ողջ երկայնքով՝ համաձայն մարտի 6-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի: Մարտի 15-ից ՌԴ-ն ու Թուրքիան համատեղ պարեկություն կսկսեն M-4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի։ Մոսկվան և Անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության պահպանմանը և պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







