Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ մարտի 5-ին, մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ նախատեսված են Թուրքիայի նախագահի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի լրատվության հետ կապերի վարչության հաղորդագրությունը։
Տեղեկատվության համաձայն ՝ Թուրքիայի և ՌԴ ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների վիճակը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն Սիրիայում վերջին իրադարձությունների վերաբերյալ:
Anadolu-ի փոխանցմամբ՝ մոսկովյան այցին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, թե մտադիր է վերջնական պայմանավորվածության հասնել Մոսկվայում և վերջ տալ ռազմական էսկալացիային սիրիական Իդլիբում: Էրդողանը նաև խոստովանել է, որ օգնություն է խնդրել ԱՄՆ-ից զենք-զինամթերքի հարցում:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Էրդողանի այցին ընդառաջ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Իդլիբի շուրջ ստեղծված իրավիճակը և ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







