Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօր՝ մարտի 2-ին, հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը, երկու հիվանդներն էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ կորոնավիրուս է հայտնաբերվել, հասել է 65-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նախօրեին վարակման առաջին դեպքերը գրանցվել են Չեխիայում և Դոմինիկյան Հանրապետությունում։
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912-ի՝ մեկ օրում ավելանալով 42 մարդով, Չինաստանի տարածքում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 80 հազարը:
Կորեայի Հանրապետությունում ՝ ՉԺՀ-ի սահմաններից դուրս վարակի խոշորագույն օջախում, մեկ օրում վարակման դեպքերի թիվն ավելացել է 476-ով՝ հասնելով 4212-ի: Կորոնավիրուսի զոհ է դարձել 22 մարդ։
Վաշինգտոն նահանգի իշխանությունները ԱՄՆ-ի տարածքում մարդու մահվան երկրորդ դեպքն են արձանագրել։ Այս մասին ասվում է կիրակի Քինգ շրջանի առողջապահական վարչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
The New York Times թերթի գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվում է ավելի քան 80 մարդ, որոնք ճշգրիտ կամ ենթադրաբար վարակվել են կորոնավիրուսով: Նրանց թվում են նաև այն անձինք, ովքեր արդեն ամբողջությամբ բուժվել կամ ապաքինվել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







