Ադրբեջան մուտք գործած Ռուսաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուսային փորձարկումը տվել է դրական արդյունք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբը:
Կորոնավիրուսի ախտանիշով հոսպիտալացված Ռուսաստանի քաղաքացին տեղափոխվել է հատուկ հակահամաճարակային ռեժիմով ապահովված բաժանմունք: Հիվանդի վիճակը կայուն է: Ինչպես նշվում է՝ կլինիկան, որտեղ գտնվում է նա, հագեցած է «բոլոր անհրաժեշտ սարքավորումներով»։
Նախօրեին եղած տվյալներով, Ադրբեջանի հիվանդանոցներում կորոնավիրուսի կասկածանքով գտնվում է 186 մարդ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանք բոլորը Իրանից եկածներ են՝ մեծամասնությունը Ադրբեջանի քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համաճարակը սկսվել է Չինաստանում՝ 2019-ի դեկտեմբերի վերջին: Այս պահին Հայաստանի հարևաններից այդ համաճարակի ամենամեծ բռնկումն Իրանում է։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այդ երկրում վարակվածների թիվը փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 388, իսկ մահացածներինը՝ 34։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







