ԱՄՆ-ում սաստիկ ձնաբքի հետևանքով զոհվել է 46 մարդ։ Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգում ևս չորս մարդ է մահացել՝ այն բանի հետևանքով, որ ավտոբուսը շրջվել է մերկասառույցով պատված ճանապարհի վրա։
Սուրբ Ծննդյան առավոտ հարյուր հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության։ Նյու Յորքը եղել է ամենաշատ տուժած նահանգներից մեկը, քանի որ դեկտեմբերի 25-ին որոշ շրջաններում տեղացել է ավելի քան մեկ մետր ձյուն, ըստ Ազգային եղանակային ծառայության: Բուֆալոյում տարերքի պատճառով 18 մարդ է մահացել։
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը փոթորիկն անվանել է «ամենաավերիչը Բուֆալոյի պատմության մեջ»՝ իր ուժգնությամբ և տևողությամբ։ «Սա էպիկական չափերի ճգնաժամ է»,- ասել է նա CNN-ին։
Բուֆալոյի ոստիկանական բաժանմունքը առցանց կոչ է արել ձնագնացների տերերին օգնել որոնողական և փրկարարական աշխատանքներում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







