Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2715 մարդ, ապաքինվել է ավելի քան 29,7 հազար մարդ, հիվանդության բռնկման պահից ի վեր վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
Նախօրեին կոմիտեն հայտնել էր ավելի քան 77,6 հազար վարակվածների, 2663 զոհերի և ավելի քան 27,3 հազար ապաքինվածների մասին: Նորացված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը Չինաստանում կազմում է 3,47 տոկոս՝ մեկ օր առաջ 3,42 տոկոսի փոխարեն: Ամեն օր գրանցվող նոր հայտնաբերված վարակման դեպքերը նվազել են 102-ով՝ կազմելով 406, անցած օրվա ընթացքում արձանագրված մահվան ելքերի թիվը նվազել է 19-ով ՝ հասնելով 52-ի։
Վարակվածների թվով առաջին տեղում է Հուբեյ կենտրոնական նահանգը (գրանցվել է 65,1 հազար վարակակիր, որոնցից ավելի քան 2,6 հազարը մահացել է, ապաքինվել է շուրջ 20,9 հազար մարդ): Այնուհետև հաջորդում է Գուանդուն նահանգը (հարավ), որտեղ հիվանդացել են ավելի քան 1,3 հազար բնակիչներ, Հենանը (Կենտրոն) և Չժեցզյանը (արևելք), որոնցից յուրաքանչյուրում գրանցվել է վարակման ավելի քան 1,2 հազար դեպք: Վերջին օրվա ընթացքում Երկրի մայրցամաքային 31 տարածաշրջանից 26-ի տարածքում ոչ մի նոր վարակակիր չի հայտնաբերվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







