Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2663-ի, ապաքինվել է ավելի քան 27,2 հազար մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն:
Մեկ օրում զոհերի թիվն ավելացել է 71-ով, շուրջ 2,6 հազար մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցած օրվա ընթացքում աճել է 508-ով և կազմել ավելի քան 77,6 հազար:
Անցած օրվա ընթացքում մահվան առավելագույն թիվը (68) գրանցվել է Հուբեյ նահանգում, որոնցից 56-ը՝ Ուհանում: Ընդհանուր առմամբ, այս տարածաշրջանում գրանցվել է վարակման շուրջ 64,8 հազար դեպք։ Երկուշաբթի հիվանդանոցներից դուրս է գրվել ավելի քան 2,1 հազար մարդ։
Մինչդեռ ԱՄՆ-ի վարչակազմը երկուշաբթի Կոնգրես է ուղարկել 2,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում տրամադրելու որոշում՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին ասված է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության տարածած հայտարարության մեջ։
«ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրես է ուղարկել 2,5 մլրդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորման պլան՝ պատվաստանյութի մշակումն արագացնելու, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացման, այդքան անհրաժեշտ սարքավորումների և նյութերի գնման համար», — նշվում է փաստաթղթում: Ընդ որում ՝ պատվաստանյութի մշակմանը կուղղվի մոտ 1 մլրդ դոլար։
Associated Press գործակալության տվյալներով՝ վարչակազմի ներկայացուցիչները փետրվարի 25-ին ԱՄՆ սենատորների համար փակ դռների հետևում ճեպազրույց կանցկացնեն, որտեղ կպատմեն հիվանդության տարածման դեմ պայքարի միջոցների մասին: Չորեքշաբթի արդեն Ներկայացուցիչների պալատում տեղի կունենան բաց լսումներ Պետդեպարտամենտի և առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







