Պենտագոնը հաստատել է, որ հրթիռային հարվածը, որի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասըմ Սուլեյմանին, հասցվել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ: Այս մասին ասված է ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
«Նախագահի կարգադրությամբ ԱՄՆ-ի ուժերը պաշտպանական բնույթի վճռական գործողություն են ձեռնարկել արտասահմանում ԱՄՆ-ի անձնակազմին պաշտպանելու համար՝ սպանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի « Ալ Քուդս» ուժերի ղեկավար Քասըմ Սուլեյմանիին, որը ԱՄՆ — ն ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում», — ընդգծվում Է փաստաթղթում:
«Գեներալ Սուլեյմանին ակտիվորեն աշխատել է Իրաքում և տարածաշրջանի այլ երկրներում ամերիկացի դիվանագետների և զինծառայողների վրա հարձակման պլանների վրա», — պնդում է Պենտագոնը:
«Սուլեյմանին նաև հավանություն է տվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակմանը, որը տեղի է ունեցել այս շաբաթ», — հայտարարել են մամուլի ծառայությունում:
«Այդ հարվածն ուղղված էր Իրանի կողմից հարձակումների հետագա ծրագրերը զսպելուն։ ԱՄՆ-ն կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պաշտպանի մեր քաղաքացիներին և մեր շահերը ինչ-որ տեղ աշխարհում», — հավելել են ռազմական գերատեսչությունում։
Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը հայտնել էր, որ Բաղդադի օդանավակայանի շրջանում հրթիռային հարվածի հետևանքով սպանվել են Սուլեյմանին և Իրաքի շիա աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը: Ըստ տեղեկատվության՝ երկու բարձրաստիճան զինվորականներ գտնվել են ավտոմեքենաների շարասյան մեջ։ Ավելի ուշ Սուլեյմանիի սպանության փաստը հաստատել Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իրաքի մայրաքաղաքի օդային նավահանգիստը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը թռիչքների անվտանգության սպառնալիքի պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







