Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարներին ու քաղաքացիներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Այսօր ընդհանուր պարտքն է թույլ չտալ նացիզմի վերածնունդը, որն այդքան տառապանք բերեց տարբեր երկրների մարդկանց։ Անհրաժեշտ է պահպանել և սերունդներին փոխանցել ռազմական տարիների իրադարձությունների մասին ճշմարտությունը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու եղբայրական բարեկամության ավանդույթները»,-ասվում է ուղերձում:
Վլադիմիր Պուտինը նոր սերունդներին մաղթել է արժանի լինել իրենց հայրերի ու պապերի հիշատակին:
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներին ուղղված շնորհավորական հեռագրերում Ռուսաստանի նախագահը նշել է, որ ինչպես 1945 թվականին, հաղթանակը կրկին իրենցն է լինելու:
Դիմելով օտարերկրյա պետությունների առաջնորդներին և քաղաքացիներին՝ Վլադիմիր Պուտինը անկեղծ երախտիքի խոսքեր է փոխանցել ճակատի եւ թիկունքի վետերաններին, մաղթել նրանց քաջառողջություն, բարեկեցություն և երկարակեցություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







