Մարտի 24-ին Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը՝ նվիրված Ուկրաինայում տիրող իրավիճակին։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գագաթնաժողովին կմասնակցի տեսաֆորմատով, կդիմի ՆԱՏՕ-ի անդամներին՝ Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու և հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով։
«Մենք կքննարկենք Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքները, Ուկրաինային մեր ուժեղ աջակցությունը և ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանության հետագա ամրապնդումը անվտանգության նոր իրականության պայմաններում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն է սկսել Ուկրաինայի «ապառազմականացման և ապազգայնացման» համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Մոսկվային երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







