Չեչնիայի Հանրապետությունից կամավորների գումարտակը ժամանել է Ուկրաինա` մասնակցելու Ռուսաստանի հատուկ գործողությանը, շաբաթ օրը հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր Telegram-ալիքում:
«Մեր մարտիկներն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու առաջին օրերից պայքարում են ազգայնական գումարտակների զինյալների դեմ։ Չեչնիայի Հանրապետությունից իրենց եղբայրներին օգնության են հասնում հազարավոր կամավորներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի գնով պատրաստ է պաշտպանել բանդերականների կողմից ճնշված բնակիչներին։ Այսօր ազգայնականների դեմ այս ազնիվ առաքելությանը Ուկրաինա է ժամանել կամավորների մի ամբողջ գումարտակ», — գրել է Կադիրովը։
Նրա խոսքով` Ուկրաինա ժամանած բոլոր կամավորները ցանկանում են «որքան հնարավոր է շուտ հայտնվել իրադարձությունների խորքում»:
Փետրվարի վերջին Կադիրովը լրագրողներին հայտարարել էր, որ Չեչնիայի մոտ 70 հազար ուժայիններ պատրաստ են կամավոր մեկնել Ուկրաինա, սակայն այդ ժամանակ տեղափոխման մասին ոչ մի որոշում չի ընդունվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







