Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր վերազինումը, սահմանադրորեն սահմանել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը: Այս մասին երկուշաբթի Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
Նա ընդգծել է, որ այդ պայմանների կատարման դեպքում ՌԴ ռազմական գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած պահի:
«Նրանք պետք է փոփոխություններ կատարեն իրենց սահմանադրության մեջ, որոնց համաձայն Ուկրաինան կմերժի ցանկացած դաշինքի մեջ մտնելու ցանկացած նպատակ։ Մենք նաև ասել ենք, որ իրենք պետք է ընդունեն, որ Ղրիմը ռուսական տարածք է, և որ իրենք պետք է ճանաչեն Դոնեցկը և Լուգանսկը որպես անկախ պետություններ», — հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման ռազմական հատուկ գործողությունը: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին օգնության խնդրանքով»: Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակման մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այսօր՝ մարտի 7-ին, Բելառուսի տարածքում պետք է կայանա ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը: Մարտի 3-ին Բրեստի մարզում կայացել է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը: «Ցավոք, մենք չստացանք այն արդյունքները, որոնք ակնկալում էինք», — բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







