Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմը, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ակնկալվում է, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ֆոնին արտաքին գործերի նախարարները կքննարկեն ՆԱՏՕ-ի ներկայիս երկարաժամկետ ծրագրերն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համար:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպումից առաջ ասել է, որ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից հետո ՆԱՏՕ-ն ամենակարճ ժամկետում միասնություն դրսևորեց։ Նրա խոսքով՝ դաշինքը ՆԱՏՕ-ի անվտանգության ամրապնդման ծրագրեր է մշակում։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Մենք հակամարտություն չենք ուզում, բայց պատրաստ ենք դրան, եթե պատերազմը հասնի մեզ։ Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը»,- ասել է Բլինքենը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին ասել է, որ այսօրվա հանդիպմանը «խորհրդակցություններ կանցկացվեն՝ ի պատասխան ռուսական ներխուժման»։
Ստոլտենբերգը նշել է, որ հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև Ռուսաստանի գործողությունների երկարաժամկետ հետևանքները՝ ուշադրություն հրավիրելով երեկ երեկոյան Ուկրաինայում ատոմակայանի վրա ռուս զինվորականների հարձակմանը։ «Այս ամենը ցույց է տալիս ակնհայտ փաստը, որ պատերազմը պետք է ավարտվի, և Ռուսաստանը պետք է դուրս բերի իր բոլոր զորքերը և վերադառնա դիվանագիտական ջանքերին»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







