Ուկրաինայում ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:
«Ուզում եմ ասել, որ հատուկ ռազմական գործողությունը ընթանում է ժամանակացույցին համապատասխան` ըստ պլանի։ Բոլոր խնդիրները հաջողությամբ լուծվում են», — ասել է ռուսական պետության ղեկավարը և խնդրել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մանրամասն զեկուցել իրավիճակի մասին:
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ զոհված ռուս զինվորականների ընտանիքներին լրացուցիչ վճարումների մասին: Պետության ղեկավարի խոսքով` նրանք կստանան 5 մլն ռուբլի:
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների բոլոր անդամներին կփոխանցվեն օրենքով նախատեսված ապահովագրական ապահովումն ու միանվագ նպաստները: Նաև ամսական դրամական փոխհատուցում կվճարվի զոհվածի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար», — հայտարարել է Պուտինը։
«Բայց, բացի այդ, անհրաժեշտ եմ համարում լրացուցիչ վճար սահմանել պաշտպանության նախարարության զոհված զինծառայողի, զինծառայողների և գործողությանը մասնակցող այլ ուժային գերատեսչությունների աշխատակիցների յուրաքանչյուր ընտանիքի` 5 մլն ռուբլու չափով», — ասել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







