Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին, հայտարարել է, որ «պատերազմը երկար կտևի» և կոչ է արել նախապատրաստվել Եվրոպայի համար երկարաժամկետ հետևանքների:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել շաբաթ օրը Փարիզի արևմուտքում գտնվող «Պորտ դե Վերսալ» կենտրոնում բացված գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ:
«Այս պատերազմը կլինի երկար. և դրա հետ կապված բոլոր ճգնաժամերը նույնպես շարունակվելու են։ Դրա համար մենք պետք է պատրաստվենք»,- ասել է Մակրոնը՝ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներին խոստանալով պետության աջակցությունը։
«Պատերազմը վերադարձավ Եվրոպա։ Այս պատերազմը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միակողմանի ընտրությունը։ Մենք պետք է փորձենք կառուցել խաղաղություն և պաշտպանենք այն, ինչպես նաև ձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ, կիրառել պատժամիջոցներ և շարունակենք այդ պայքարը»,- ասել է նա՝ համերաշխություն հայտնելով Ուկրաինային։
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ առաջին հերթին հետևանքները կանդրադառնան ֆրանսիական ապրանքների արտահանման վրա, ինչից կտուժեն սննդամթերքի և գյուղատնտեսության ոլորտի խոշոր ձեռնարկությունները: Նա նաև նշել է մետաղագործական հատվածում և լոգիստիկայում հնարավոր խնդիրների մասին, էլեկտրաէներգիայի գների աճը:
«Մենք հիմա դիմադրության ծրագիր ենք ստեղծում, որպեսզի պաշտպանենք տնտեսության մեր ճյուղերը»,- ասել է Մակրոնը: Նա խոստացել է, որ երկրի իշխանությունները որոշումներ կկայացնեն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի վերաբերյալ, որպեսզի «առավելագույնս ապահովեն իրենց էներգետիկայի տեսանկյունից» և «ջանան չեզոքացնել գների աճի հետևանքները»:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշում է կայացրել Ուկրաինայի ապառազմականացման հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները դիմել են Ռուսաստանին՝ օգնության խնդրանքով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և երկրի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Փետրվարի 25-ին Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ վարել։ Նույն օրը Պուտինը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն էլ հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների և կողմերը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







