Դոնեցկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել է Դոնեցկի բնակիչների դեպի Ռուսաստան զանգվածային տեղափոխման կազմակերպման մասին։ Պուշիլինի տեսաուղերձը հրապարակվել է Telegram-ալիքում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Պուշիլինի խոսքով, մոտ ժամանակներս զինվորականներին կարգադրել է անցնել հարձակման, «իրականացնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածք ներխուժելու պլանը»:
«Դիմում եմ մեր պետության բոլոր բնակիչներին։ ԴԺՀ զինված ուժերը, ունենալով ռազմական գործողություններ վարելու փորձ, մշտական մարտական պատրաստության մեջ են և լիովին կարող են պաշտպանել քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները:
Այդուհանդերձ, հակառակորդի կողմից Հանրապետության բնակավայրերը գնդակոծելիս կարող են վտանգվել մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։
Դրա համար էլ այսօրվանից կազմակերպվել է բնակչության զանգվածային կենտրոնացված մեկնումը Ռուսաստանի Դաշնություն։ Առաջին հերթին տարհանման են ենթակա կանայք, երեխաները և տարեց մարդիկ»,- հայտարարել է Դենիս Պուշիլինը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







