ԵԱՀԿ-ում գործող նախագահությունն իր խոր մտահոգությունն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով բախումների վերսկսման և դրա՝ զոհերի պատճառ դառնալու կապակցությամբ:
«Մենք կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել կառուցողական քաղաքական երկխոսությունը, որը սկսվել է վերջերս։ Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ-ի նախագահ, հավատարիմ է գործընկերների հետ համագործակցությանը՝ կայուն խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում կայուն զարգացմանը նպաստելուն ուղղված ջանքերի վերականգնմանը։
Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին այս հարցում։ Մենք նաև վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական ջանքերին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա, ինչի հետևանքով մեկ զինծառայող միջին ծանրության վիրավորում էր ստացել: Ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ վերսկսել է կրակը հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը ձեռնարկել է համարժեք գործողություններ։ Ունենք երեք վիրավորներ և երեք զոհ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







