Ինչպես հայտնում է The New York Times-ը՝ վերջին շաբաթներին ԱՄՆ-ում շնչառական հիվանդությունների գանգատներով ճոսպիտալացվել է շուրջ 30 մարդ։ Նշվում է, որ նման հիվանդությունների զարգացման հիմնական պատճառ է հանդիսացել նիկոտինի կամ մարիխուանայի ընդունումը:
Ըստ բժիշկների հիմնական վարկածի՝ հիվանդության զարգացման պատճառ կարող էր հանդիսանալ վեյփինգը (էլեկտրոնային ծխախոտերի օգտագործման գործընթաց)։Նշվում է, որ ամենայն հավանականությամբ հիվանդներն Էլեկտրոնային ծխախոտերի և նմանատիպ այլ սարքերում ավելացրել են փողոցում գնված թմրանյութերի կամ մարիխուանայի մեջ պարունակվող նյութերից պատրաստված հեղուկներ։
Աղբյուրը հայտնում է, որ թիրախային խմբում են հիմնականում դեռահասները։ Տուժածներից մեծ մասի մոտ դրսևորված հիմնական ախտանշաններն են՝ ցավ կրծքավանդակի շրջանում, շնչառության դժվարացում, փսխում և այլն: Տուժողների հետ անցկացված հարցազրույցներից պարզ է դարձել, որ նրանք բոլորը հոսպիտալացումից մի քանի շաբաթ առաջ էլեկտրոնային ծխախոտեր կամ վեյփինգի համար նախատեսված այլ սարքեր են օգտագործել։
Նշենք, որ Դյուկի և Յելի համալսարաններում անցկացրած վերջին հետազոտությունների համաձայն՝ամերիկյան Juul բրենդի էլեկտրոնային սիգարետների որոշ հեղուկներում հայտնաբերվել են մարդու շնչառական համակարգը ախտահարող և մասնավորապես թոքերը գրգռող քիմիական նյութեր՝ այսպես կոչված ացետալներ։
Որոշ փորձագետներ նշում են, որ վեյպինգը սովորական ծխախոտից ոչ պակաս վտանգավոր է։ Նրանց ախտահարման առաջնային թիրախը ուղեղն է, իսկ բաղադրության մեջ առկա են նաև մեծ քանակությամ պեստիցիդներ։
Պեստիցիդները քիմիական նյութեր (թունաքիմիկատներ) են, որոնք օգտագործվում են (հիմնականում գյուղատնտեսության մեջ) վնասատուներից, մոլախոտերից և հիվանդություններից բույսերի պաշտպանության համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







