Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը քննադատել է կառավարության ներկայիս ղեկավար Բորիս Ջոնսոնին ՝ նրան անվանելով ստախոս և կարիերիստ։ Այս մասին նախկին վարչապետը գրել է իր կողմից հրապարակվելիք «հուշերում», որոնք լույս կտեսնեն սեպտեմբերի 19-ին: Այս մասին հայտնում է Sunday Times-ը։
Քեմերոնի խոսքով՝ Բորիս Ջոնսոնը ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կապակցությամբ 2016 թվականին կայացած հանրաքվեից առաջ երկար ժամանակ տատանվել է՝ որոշելով, թե ում կողմը պետք է գրավի: Նախկին վարչապետը նշել է, որ թեև Ջոնսոնը եվրասկեպտիկ էր, սակայն մինչ այդ պահը երբևէ չէր արտահայտվել Brexit-ի օգտին։
Հանրաքվեից առաջ Ջոնսոնի հետ հանդիպելով Քեմերոնը նրան պաշտպանության նախարարի պաշտոն է խոստացել աջակցության դիմաց, սակայն երկար ու տանջալի մտորումներից հետո վերջինս հրաժարվել է: Արդյունքում, ինչպես ասվում է գրքում, կաբինետի անդամ և Քեմերոնի մտերիմ ընկեր Մայքլ Գոուվի հետ նա վարչապետին դեմ է գնացել՝ սկսելով Brexit-ի աջակցության վառ արշավ։ Քեմերոնը նաև իր գրքում հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների արշավը «կեղծ է եղել»:
Ըստ Քեմերոնի՝ եվրոսկեպտիները պնդել են, որ ԵՄ-ին անդամակցությունը երկրին շաբաթական 350 մլն ֆունտ է արժենում, վախեցրել են միլիոնավոր մուսուլման ներգաղթյալների ներհոսքով դեպի Մեծ Բրիտանիա և պնդել, որ Լոնդոնը չի կարողանա խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Նշենք, որ ԵՄ-ից Լոնդոնի դուրս գալու նպատակահարմարության վերաբերյալ հանրաքվեն կայացել է 2016 թվականի հունիսի 23-ին, ինչի արդյունքներով հաղթել են Brexit-ի կողմնակիցները՝ 51,9 տոկոս ձայնով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







