Պեկինում տեղի է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) պատմության մեջ խոշորագույն զորահանդեսը՝ նվիրված ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակին: Դրան մասնակցել են 15 հազար զինծառայողներ, 160 մարտական ինքնաթիռներ և 580 միավոր մարտական տեխնիկա: Շքերթի ընթացքում Պեկինը ցուցադրել է նաև մի քանի նոր միավոր սպառազինություն, այդ թվում ՝ «Դունֆեն-41» (DF-41) բալիստիկ հրթիռ և «Լիծիան» հարվածային անօդաչու թռչող սարք:
Շքերթը բացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Զորավարժություններին ներկայացվել են ՉԺՀ-ի սպառազինության նոր միավորներ՝ DF-41 բալիստիկ հրթիռ, Լիծիան հարվածային անօդաչու թռչող սարք, ինչպես նաև CJ-100 գերձայնային ռազմավարական թևավոր հրթիռ:
Շքերթից հետո նաև տոնական ցույցադրություն է տեղի ունեցել։ Սկզբում հրապարակով անցել են ՉԺՀ-ի պետական զինանշանը, իսկ դրան հետևել են ավտոբուսներ՝ չին ժողովրդի հեղափոխական եւ ազգային-ազատագրական պայքարի վետերանների հետ:
Տոնական սյուների վրա պատկերված էին երկրի նախկին ղեկավարների՝ չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզեդունի, «բարեփոխումների ճարտարապետ» Դեն Սյաոպինի, ինչպես նաևՉԺՀ- ի նախկին նախագահներ Ցզյան Ցզեմինի և Հու Ցզինտաոյի դիմանկարները: Եվ վերջապես, պետության ներկայիս ղեկավար Սի Ծինփինի դիմանկարը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ տոնական ցուցադրությանը մասնակցել է շուրջ 100 հազար մարդ ՝ 150-160 հազար կամավորների աջակցությամբ: Տյանանմեն հրապարակում պետական տոնի պատվին օդ են արձակել 70 հազար աղավնիներ և նույնքան էլ՝ գունավոր փուչիկներ:
Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը հիմնադրվել է 1949 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Չինաստանում քաղաքացիական պատերազմի արդյունքում: Հոկտեմբեր 1-ին Մաո Ցզեդունը պաշտոնապես հայտարարեց նոր պետության ձևավորման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







