Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը չպետք է մնան Սիրիայում թուրք-սիրիական սահմանի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նա նշել է, որ այժմ Թուրքիայի սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ գոտին կա, որտեղից քրդերը հեռանում են, ինչը լավ արդյունք է։
«Թող նրանք նույնպես ունենան իրենց սահմանները։ Բայց ես չեմ կարծում, որ մեր զինվորները պետք է այնտեղ մնան ևս 50 տարի, որպեսզի պահպանեն Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, այն պարագայում, երբ մենք չենք կարող ապահովել մեր սեփական սահմանի անվտանգությունը», — ասել է նա։
Դոնալդ Թրամփը հավելել է, որ իրենք հաղթել են ԻՊ-ին («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում) և , ավարտելով իրենց այդ գործը, պետք է վերադառնան տուն»։
Երկրի ղեկավարը նաև շեշտել է, որ ԱՄՆ իշխանական շրջանակներում ոչ բոլորն են կիսում իր հայացքները այս հարցի առնչությամբ։
«Սիրիայում մենք, ինչպես ենթադրվում էր, պետք է 30 օր մնայինք, իսկ արդյունքում այնտեղ էինք 10 տարի։ Այդ պատերազմները երբեք չեն ավարտվում, մենք պետք է մեր զինվորներին տուն վերադարձնենք այդ անվերջանալի պատերազմներից», — հայտարարել է նախագահը։
«Երբեմն պետք է հասկանալ, թե ինչի համար ենք մենք կռվում։ Մենք չենք կարող հավերժ մնալ այնտեղ, մենք պետք է վերադարձնենք մեր հերոսներին տուն, ժամանակն է եկել», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







