Ճապոնիայում 19-ամյա մի աղջիկ, որն ուսանում է Միեի համալսարանի պատմության ֆակուլտետում, էսսե գրելու համար ամենաբարձր գնահատականն է ստացել ՝ դասախոսին դատարկ թուղթ հանձնելով․ նրան հանձնարարված է եղել շարադրություն գրել Իգա-Ուենոյի Նինձյա թանգարան այցելելու մասին։ Այս մասին գրում է BBC-ն։
Իրականում աղջիկն իհարկե կատարել է դասախոսի հանձնարարությունը, սակայն դրսևորել է նաև ստեղծագործական մոտեցում․ նա էսսեն գրել է անտեսանելի թանաքով։ Այս տեխնիկան կոչվում է «aburidasi», և այն օգտագործել են հին ճապոնական նինձյաները՝ գաղտնի հաղորդագրություններ փոխանցելու նպատակով։
Ճապոնացի հնարամիտ համալսարանականը որոշել է սոյայի հատիկներից պատրաստել հին բաղադրատոմսով թանաք, ինչի համար ծախսել է ավելի քան 10 ժամ։
Միեի համալսարանի պրոֆեսոր Յուձի Յամադան, որ հանձնարարել է տվյալ էսսեն, զարմացել է, երբ ստացել է աղջկա աշխատանքը։ Ըստ նրա՝ ուսանողները կատարել են առաջադրանքներ՝ դիմելով տարբեր գաղտնագրերի տեխնիկաների կիրառման, բայց նրան երբեք չեն հանձնել «աբուրիդասի» տեխնիկայով շարադրանք։
Որպեսզի իր գրած էսսեն չհայտնվի աղբարկղում, ուսանողուհին հատուկ նշում է թողել, որ աշխատանքը պետք է տաքացնել։
«Ես վստահ էի, որ պրոֆեսորը կգնահատի իմ ջանքերն ու ստեղծագործական մոտեցումը։ Այդ պատճառով ես չեմ անհանգստացել, որ կարող եմ վատ գնահատական վաստակել, չնայած այն հանգամանքին, որ բուն շարադրությունն իրենից ոչ մի օրիգինալ բան չէր ներկայացնում», -նշել է ուսանողուհին ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







