Իսպանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի արդյունքում տուժելու հետևանքով Կատալոնիայի հիվանդանոց է դիմել ավելի քան 96 մարդ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ինքնավարության բուժօգնության ծառայության հաղորդած տեղեկատվությանը: Տուժողների զգալի մասը՝ շուրջ 57 մարդ, վնասվածքներ է ստացել Բարսելոնայում:
Ինչպես հայտնում է Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը, ցույցերի արդյունքում ձերբակալվածների թիվը հասել է երեսուներեքի:
Ավելի վաղ Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը Կատալոնիա էր ուղարկել իրավապահ մարմինների ավելի քան հազար աշխատակից: Բողոքի ակցիաները բուռն թափով սկսվել էին երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին, Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից ընդունված դատավճռի արդյունքում, որը ենթադրում էր 13 տարվա ազատազրկում անկախացման շարժման կազմակերպիչներին: Նրանք նաև մեղադրվում են ապստամբություն հրահրելու մեջ: Սրանից անմիջապես հետո սկսվում են բողոքի ակցիաներ:
Հիշեցնենք, որ Կատալոնիան 2017թ. հոկտեմբերի 1-ին անցկացրել էր շրջանի անկախացման հանրաքվե, սակայն Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն համարել է անօրինական և հրաժարվել ճանաչել դրա արդյունքները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







