Իրանը միջուկային ծրագրի գծով իր պարտավորությունների կրճատման նոր փուլի իրականացումը կսկսի նոյեմբերի 6-ին՝ Ֆորդոյի օբյեկտում ցենտրիֆուգների գործարկումից: Այս մասին նոյեմբերի 6-ին հայտնել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին: Այս մասին տեղեկանում ենք PressTV հեռուստաընկերությունից:
«Իրանը նոյեմբերի 6-ին կսկսի միջուկային գործարքի պարտավորությունների կրճատման չորրորդ քայլը,նոր փուլը կսկսվի Ֆորդոյի ցենտրիֆուգների գործարկումից»,- նշել է Հասան Ռոուհանին:
Ռոուհանին հայտարարել է, որ համաձայնագրի մասնակիցներին ևս 2 ամիս է տրվում իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին վերադառնալու համար: «Միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների կրճատմանն ուղղված Իրանի բոլոր գործողությունները մնում են անշրջելի», — ընդգծել է ԻԻՀ նախագահը:
2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համաձայն ՝ Իրանը պետք է արդիականացնի Ֆորդոյում կայուն իզոտոպների արտադրության ձեռնարկությունը ՝ միջազգային դիտորդների վերահսկողության ներքո: Ենթադրվում է, որ վերակառուցումը կբացառեր այդ օբյեկտի օգտագործման հնարավորությունը ռազմական նպատակներով ։
Նշենք, որ Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալով և նավթի արտահանման ոլորտում Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կողմից պատժամիջոցներ սահմանելուց հետո: ԻԻՀ կարծիքով՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին եվրոպական երկրները, չեն պահպանում համաձայնագրի տնտեսական մասի իրենց պարտավորությունները, ուստի գործարքն իր ներկայիս տեսքով իմաստ չունի:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին Իրանը հայտարարել էր միջուկային գործարքի գծով պարտավորությունների մի մասի կատարման դադարեցման մասին: Հուլիսին Թեհրանն անցավ կասեցման երկրորդ փուլին, սեպտեմբերին՝ երրորդ փուլին և խոստացավ կրճատել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները չպահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







