Ամերիկացի գործարար և խոշորագույն գյուտարար Էդիսոն Թոմաս Ալվան, ով էլեկտրական լամպի գյուտարարն է, արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ ձայնագրիչը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։
1877թ. նոյմեբերի 21-ին Թոմաս Էդիսոնը հայտարարել է ձայնագրող և ձայնը վերարտադրող սարքի (ֆոնոգրաֆ) գյուտի մասին, որը նրա ամենահայտնի գյուտերից մեկը դարձավ աշխարհում: Նրա այդ գյուտին է պարտական հետագա ողջ տեսաբանությունը, որն ընդգրկում է սկավառակային ձայնա-տեսագրությունը, կինոն և հեռուստատեսությունը։
Հանրահայտ գյուտարարը դեռևս 10 տարեկանից արդեն տնային լաբորատորիայում ինքնուրույն փորձեր էր կատարում։ Բեռնատար վագոնում նա լաբորատորիա սարքավորեց և սկսեց փորձեր անել։ Շուտով Էդիսոնն ստեղծեց Կոնգրեսի քվեների ինքնաշխատ հաշվիչ, որը սակայն ոչ ոքի չհետաքրքրեց։ Երկրորդ գյուտը բաժնետոմսերի տատանվող կուրսը հեռավորության վրա հաղորդելու հեռագրական ապարատն էր՝ (հեռագրական ինքնապատասխանիչ)։
Իր կառուցած հետազոտական լաբորատորիան կոչում էր «գյուտերի ֆաբրիկա», որտեղից, ինչպես սիրում էր կրկնել, յուրաքանչյուր 10 օրը մեկ դուրս էր գալիս ոչ մեծ մի գյուտ, իսկ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ՝ խոշոր գյուտ։
Մի անգամ մի երիտասարդ հարցնում է Էդիսոնին.
– Ես հրաշալի գաղափար ունեմ. ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ։ Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը։
– Ունիվերսալ լուծի՞չ, – զարմացավ Էդիսոնը, – Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







