ԱՄՆ Ջորջիա նահանգից հանրապետական սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասինբանաձևի քվեարկությունը:
Հանրապետական սենատորը պատճառաբանել է, թե հիմա այս բանաձևը քննարկելու ճիշտ ժամանակը չէ։
Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսն, ի պատասխան հանրապետական սենատորի, նշել է, որ գիտակցում է՝ օրենսդրի աշխատանքը բանակցություններ և պայմանավորվածություններ է նախատեսում: Ուստի, սենատորը պաշտոնապես հայտարարեց, երբ բանաձևի դեմ հանդես եկող սենատորներին անհրաժեշտ լինի իր ձայնն այս կամ այն օրինագծի օգտին, ապա պահանջելու է ի պատասխան փոխել դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:
Նշենք, որ առաջին անգամ նոյեմբերի 13-ին կայացած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը։