ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը հայտարարել է, որ Սպիտակ տան խնդրանքով է կասեցրել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը: Այս մասին ամերիկացի սենատորն ասել է axios-ի հետ զրույցում։
Գրահամը հայտարարել է, որ Սպիտակ տանը Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո հավաքվել և խոսել են թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին։
Սենատորի խոսքով՝ օրենսդրական հարցերով Սպիտակ տան ներկայացուցիչը նրան ասել է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր բանաձևը և խնդրել է Գրահամին վետո դնել դրա վրա:
«Ես ասացի՝ իհարկե… Դա անելու միակ պատճառն այն էր, որ դեռ Էրդողանը Վաշինգտոնում էր: Ես փորձում եմ հնարավորինս փրկել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները»,- ասել է Գրահամը:
Ամերիկացի սենատորը նաև հավելել է, որ ափսոսանք է զգում Մենենդեսի բանաձևը կասեցնելու համար՝ ընդգծելով, որ Մենենդեսը տարիներ շարունակ աշխատել է այդ ուղղությամբ։
«Հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»,- ընդգծել է Գրահամը։
Նախորդ շաբաթ Բոբ Մենենդեսն ու Թեդ Քրուզը կրկին ներկայացրել էին Հայոց ցեղասպանության բանաձևը, որը կասեցրել էր սենատոր Դեյվիդ Փերդյուն:
Սենատոր Փերդյուն առարկել է՝ ելնելով այն մտավախությունից, որ բանաձևի ընդունումը կվտանգի տարածաշրջանում Թուրքիայի և մյուս դաշնակիցների հետ բանակցությունները։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Սպիտակ տանը Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո հանրապետական սենատոր Գրահամը վետո էր կիրառել Հայոց Ցեղասպանության բանաձևի Սենատի քննարկվող հարցերի օրակարգ ներառելու և քվեարկելու առաջարկությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







