Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին ուրբաթ օրը հայտարարել է երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տալու իր մտադրության մասին:
«Ես մտադիր եմ հրաժարականի դիմում ներկայացնել ներկայացուցիչների խորհրդին (խորհրդարան)», — վարչապետի խոսքը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը: Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել է «Իրաքի՝ բռնության և քաոսի անդունդը ընկնելը թույլ չտալու» ձգտումով։
Նշենք, որ Իրաքում բողոքի ակցիաները չեն դադարում հոկտեմբերի սկզբից. փողոցները լի են մարդկանցով, որոնք դժգոհ են կյանքի պայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից և կոռուպցիայից: Գրեթե ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով:
Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Վերջին տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ, ավելի քան 15 հազար մարդ տուժել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







