Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Իրաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 2, վիրավորվել՝ 26 մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ըստ աղբյուրի՝ Բաղդադում առնվազն 11 ցուցարար է տուժել, երբ ոստիկանությունը, փորձելով կանխել նրանց մուտքը «կանաչ գոտի», որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական հաստատությունները, օգտագործել է մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Նշվում է, որ Շիա մահմեդականների համար Սուրբ էն Նաջաֆ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաքից հարավ, ցուցարարներին ցրելու ժամանակ նրանցից 2-ը զոհվել են, 15-ը հրազենային վնասվածքներ են ստացել:
Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին, կառավարության ղեկավարը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, որպեսզի թույլ չտա «Իրաքի մուտքը բռնության և քաոսի անդունդ»:
Հիշեցնենք, որ Իրաքում բողոքի ակցիաները չեն դադարում հոկտեմբերի սկզբից։ Երկրի գրեթե բոլոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերն ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով։ Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







