Իրաքի ութ նահանգ դեկտեմբերի 1-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել ի նշան բախումների հետևանքով զոհվածների և շարունակվող բողոքի ակցիաների։ Այս մասին հայտնում է «Մավազին նյուզ» պարբերականը։ Մերձավոր Արևելքում կիրակի օրը շաբաթվա առաջին աշխատանքային օրն է։
Համապատասխան որոշումն ընդունվել է Բաղդադից հարավ գտնվող Բաբիլ, Դի Քար, Դիյալա, էդ Դիվանիա, Կերբելա, Մայսան, Մութաննա և Էն Նաջաֆ նահանգներում:
«Անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի, շարունակվող բողոքի ակցիաների կապակցությամբ, ինչպես նաև ի նշան մահացածների սգո դեկտեմբերի 1-ը հայտարարվում է ոչ աշխատանքային օր», — ասված է իշխանության տեղական մարմինների հայտարարություններում:
Չնայած Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հրաժարականի մասին հայտարարությանը, երկրի հարավում շարունակվում են արյունալի բախումները: Ցուցարարները վճռական են շարունակել ելույթներn ընդհուպ մինչև խորհրդարանի լուծարում և կոռուպցիոներների դատական պատասխանատվության ենթարկում։
Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվում Դի Քար նահանգում։ Նրա վարչական կենտրոնում՝ Էն Նասիրիա քաղաքում, ամեն օր բռնության զոհ են դառնում տասնյակ մարդիկ։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում այնտեղ ավելի քան 40 մարդ է սպանվել։ Ցուցարարները ուժայիններին մեղադրում են հրազեն կիրառելու մեջ, ոստիկանությունը հայտարարում է, որ ցուցարարների վրա կրակելու հրաման չի տվել: Քաղաքում հրդեհում են նրանց տները, ովքեր, ցուցարարների կարծիքով, կարող են մասնակից լինել բռնությանը։
Շարունակվում են բախումներն ու բռնության ակցիաները Քերբելում և էն Նաջաֆում։ Զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։ Անկարգությունների երկու ամսվա ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 400 մարդ, զոհեր կան ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում: Տուժել են 15 հազարից ավել մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







