Դանիայի սոցիալ-դեմոկրատական կառավարությունն ու երկրի յոթ այլ կուսակցություններ քննարկում են օրենսդրական նախագիծ, որն ուղղված է մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատմանը։ Այս մասին հայտնում է DW-ը։
Դեկտեմբերի 6-ի ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ծրագրվում է մինչև 2030թ․ 70 տոկոսի հասցնել մթնոլորտ վնասակար արտանետումների կրճատումը՝ համեմատած 1990թ․ մակարդակի։ Բացի այդ, մինչև 2050թ․ պետք է հասնել կլիմայական չեզոքության, այսինքն ածխաթթու գազի արտանետումները չպետք է գերազանցեն այն ծավալը, որը կարող է կլանվել։
Առաջարկվում է այդ նպատակները պարտադիր դարձնել ինչպես ներկայիս կառավարության, այնպես էլ նրանց համար, ովքեր իշխանության կգան ապագայում։
Օրենսդրական նախագիծը պարունակում է նաև միջանկյալ նպատակներ։ Այդ նպատակների համար ծրագրվում է ընդլայնել երկրի Կլիմայական խորհրդի կազմը և ավելացնել դրա ֆինանսավորումը։
Նախագիծը Դանիայի խորհրդարանում քվեարկության կդրվի 2020թ․ փետրվարին։ Ակնկալվում է, որ օրենքը կընդունվի, քանի որ դրան հավանություն տված կուսակցությունները զբաղեցնում են խորհրդարանի 179 տեղից 167-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







