Հին քարե դարի կանացի կերպարանքով արձանիկ է հայտնաբերվել Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամյեն քաղաքում։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում անելով է Հնագիտական նախնական հետազոտությունների ազգային ինստիտուտի պաշտոնական հաղորդագրությանը։
Ըստ գիտնականների՝ խոսքը բացառիկ գտածոյի մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է։
«Չորս սանտիմետր բարձրությամբ արձանիկն առնչվում է հին քարե դարին։ Այն 23 հազար տարեկան է»,- ասվում է հաղորդագրությունում։
Վեներայի արձանի տարիքը փորձագետները որոշել են ռադիոածխածնային վերլուծության միջոցով։
Արձանիկի կողքին գիտնականները գտել են մի քանի կավե կտորներ և գործիքների մնացորդներ։ Այդ գործիքների ճշգրիտ նշանակությունն առայժմ մնում է անհայտ, բայց, հնագետների կարծիքով, այդ վայրում կարող էր արհեստանոց լինել, որտեղ տեղի արհեստավորները պաշտամունքի իրեր են պատրաստել։
Եվրոպայի ողջ տարածքում գտնվել է շուրջ հարյուր նման արձանիկ՝ մեծ մասը ժամանակակից Կենտրոնական Եվրոպայի տարածքում։ Դրանցից 15-ը հայտնաբերվել է Ֆրանսիայում՝ գերազանցապես հարավարևմտյան մասում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







