Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործկոմը հանձնարարական է ընդունել չորս տարով զրկել Ռուսաստանին խոշոր սպորտային միջազգային միջոցառումներին մասնակցելու իրավունքից, այդ թվում ՝ օլիմպիադաներում և աշխարհի առաջնություններում:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բացի մրցումներին մասնակցելուց, Ռուսաստանին արգելված է դրանց անցկացման համար հայտ ներկայացնել։
Ռուսական հակադոպինգային գործակալությունը ճանաչվել է WADA հակադոպինգային օրենսգրքի չափանիշներին չհամապատասխանող: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի և Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեի պաշտոնյաներին և ղեկավարությանը արգելվում է մրցումներին որպես պաշտոնական անձինք մասնակցել: Արգելքը վերաբերվում է 2020 թվականին Տոկիոյում կայանալիք առաջիկա երկու օլիմպիադաներին և 2022 թվականին Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերին:
Միևնույն ժամանակ, WADA-ում բոլոր ռուս մարզիկների մասնակցության ամբողջական արգելք չեն սահմանել: Նրանք, ովքեր կապացուցեն, որ ներգրավված չեն եղել դոպինգային խախտումներում, կունենան չեզոք դրոշի ներքո հանդես գալու հնարավորություն:
Դոպինգային նոր սկանդալի պատճառ են դարձել 2012-2015 թվականներին վերցված փորձանմուշների վերաբերյալ Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի տվյալների բազայում փոփոխությունների հետքերը, որը փոխանցվել է WADA-ի փորձագետներին: Տվյալների անփոփոխ տեսքով փոխանցումը գործակալությանը Ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակի վերականգնման պայմաններից մեկն էր։ Մոսկվայի լաբորատորիայի տվյալների բազան WADA-ի փորձագետները համեմատել են այն պատճենի հետ, որը նրանց է փոխանցել ԱՄՆ փախած Գրիգորի Ռոդչենկովը: Տվյալների բազայում կատարված փոփոխությունների հիման վրա WADA-ի համապատասխանության կոմիտեն խորհուրդ է տվել ռուսական գործակալությանը զրկել կարգավիճակից, իսկ Ռուսաստանին հեռացնել բոլոր մրցումներից:
Ռուսաստանի սպորտի նախարարությունում վստահեցնում են, որ տվյալների բազան չի կոտրվել, տվյալները մանիպուլյացիայի չի ենթարկվել, իսկ խնդիրը զուտ տեխնիկական բնույթ է կրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







